Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ովքեր են, որ մեզ ստիպում են արտագաղթել

Ովքեր են, որ մեզ ստիպում են արտագաղթել
23.06.2025 | 11:53

Մոտ քսանհինգ տարի առաջ քենակալներիցս մեկը Կալիֆոռնիա նահանգի ինչ-որ քաղաքում լսելով հայ երգչուհու ազգագրական մի երգի անզուգական ձայնագրությունը, թևեր է առնում, թռչում գալիս Հայաստան, գտնում երգող սոխակին, իր սերը խոստովանում, ամուսնանում և բնավորվում է իր նախնիների Հայրենիքում:

Մեկ տարի անց տղայի մայրը, որ ութսուն տարեկան էր, իր մյուս տղայի երեխաների հետ գալիս է Երևան նորահարսի ծնողների ու Հայաստանին ծանոթանալու համար:

Գարնան մի օր էր սկսեցինք մեր նոր բարեկամներին պտտել Հայաստանով մեկ:

Հերթը հասավ Բջնիին:

Գնացինք, եկեղեցում մոմ վառեցինք, զրուցեցինք բանիմաց վանահոր հետ և որոշեցինք բարձրանալ բլրի վրա գտնվող մատուռն էլ տեսնելու:

Հետդարձի ճանապարհի եզրին գտնվող մի տան մոտով անցնելիս բակում նկատեցի, որ թոնրի շուրջ եռուզեռ կա՝ լավաշ էին թխում:

Առանց վարանելու բացեցի բակի դուռը և բոլորին ներս հրավիրեցի թոնրատուն:

Տանտերերը, որ միայն կանայք էին, շատ լավ ընդունեցին մեզ՝ անկոչ հյուրերիս:

Ես սկսեցի հրահանգներ տալ ջահել աղջիկներին թե հարսներին, որոնք եռուզեռի մեջ էին, որը լավաշն էր պարանին փռում, որը չորացած լավաշներն էր տանում տեղավորելու և այլն:

- Աղջիկներ, - ասացի, - պանիր, կանաչի բերեք:

Սրանք իրարով անցան, իսկ կողքի հարևանուհին, որ պատի մյուս կողմից նկատել էր մեզ և հետքրքրությամբ դիտում էր, մեջտեղ գցեց իրեն:

- Պանիրը ինձնից, իմ պանիրը շատ լավն ա, - ասաց ու գնաց պանրի հետևից:

Մի լավ քեֆ արեցինք պանիր լավաշով ու կանաչիով, սառը թանն էլ վրայից խմեցինք, շնորհակալություն ասացինք ու դուրս եկանք բակից:

Երբ մեքենայի մեջ էինք, տունդարձի ճանապարհին քենակալիս մայրը հարցրեց.

- Բարեկամներ էի՞ք:- Նկատի ունենալով լավաշ թխողներին:

- Մեր ապուպապերն ու նրանց ապուպապերն իրար չեն էլ Ճանաչել, ես էլ ձեզ նման առաջին անգամ եմ Բջնի եկել, էդ մարդկանց էլ առաջին անգամն եմ տեսնում, բայց բարեկամներ ենք:

Ծեր կինը տարակուսեց իմ այս պատասխանից, ոչինչ չասաց, ժպտաց միայն:

Ես ցանկացա ցույց տալ, թե իսկական հայն ով է, թե ինչպիսին ենք մենք, ինչպիսի հարաբերություններ կան մեր մեջ, թե իսկական հայը հայի համար ինչքան սրտացավ է, հանդուրժող է, ու թե ինչքան միասնական ենք ու բարի:

Թե ինչպես է, որ օրհասական պահերին, երբ թշնամին է գլուխ բարձրացնում, հայն ինչպես է առանց տարիքային խտրականության, իր ձեռքի տակ եղած կոպալը կլինի թե իր ձեռնափայտը, որսորդական հրացանը թե մեկ այլ բան, ձեռքն առնում, ոտքով կլինի, ձիով թե մեքենայով, հարսանիք գնալու պես՝ ծափուծիծաղով շտապում, որ ակնթարթ առաջ իրեն գցի առաջնագիծ, խրամատում կանգնած զինվորի կողքին կանգնի:

Հիմա ես էլ եմ տարակուսած, թե անկախության տարիներից ի վեր այս մեր հասարակության մեջ ինչքան մարդիկ հայտնվեցին, որ հայի գդակի փոխարեն ուրիշ գդակ դրեցին, ովքե՞ր են սրանք, որ ձեռքից եկածով ցանկանում են մեզ պառակտել, ոտատակ անել մեր մշակույթը, բարոյական ավանդույթները, մեր բարությունը, մեր հանդուրժողականությունը…

Ովքեր են, որ մեզ ստիպում են արտագաղթել:

Վաղը մենք ո՞ր երկրում, ո՞ւմ ենք բարևելու, որ մեկի դուռն ենք առքով բացելու, ներս մտնելու, իրար հետ մի կտոր հաց կիսելու…

Թեմիկ ԽԱԼԱՓՅԱՆ

Դիտվել է՝ 138

Մեկնաբանություններ